Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Սպասվում են թանկացումներ

Սպասվում են թանկացումներ
05.11.2014 | 12:26

Ի սկզբանե էր պարզ, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելը իր հետևից բերելու է ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ. Եվրասիական միությունում և Հայաստանում գործող մաքսատուրքերի տարբերությունը, մասնավորապես, ենթադրում է, որ ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում, ամենայն հավանականությամբ, գնաճը անխուսափելի կլինի, քանի որ մի շարք ապրանքատեսակների մասով մաքսատուրքերը ավելանալու են: ՈՒ թեև էկոնոմիկայի նախարարությունն անընդհատ հորդորում է սպասել, մինչև պարզ կլինի, թե որ ապրանքների համար ԵՄ-ն բացառություն կանի, պնդելով, թե սպասվող գնաճը չի գերազանցի 1,5%-ը, այնուամենայնիվ, ոլորտի մասնագետները կարծում են, որ ԵՄ մուտք գործելու պարագայում գնաճն անխուսափելի կլինի հատկապես դեղորայքի շուկայում: Այս հարցը լուրջ հետազոտման կարիք ունի, քանի որ հարկ է նախ և առաջ կատարել համապատասխան ուսումնասիրություններ, թե Հայաստան ներկրվող դեղերը հատկապես որ երկրներից են ներմուծվում և ինչ ծավալով: Այսպես՝ 2013-ին Հայաստան է ներկրվել 110 մլն դոլարի դեղորայք, ընդ որում՝ մեր երկիրը դեղորայքի 96%-ը ներկրել է Եվրամիության անդամ երկրներից, ինչը նշանակում է, որ ներմուծված դեղերի տեսակարար կշիռը ամենևին էլ հօգուտ Եվրասիական միության անդամ երկրների չէ. Հայաստանում դեղորայքի գների բարձրացումը անխուսափելի է: Եթե Հայաստան դեղորայք ներկրելիս մաքսատուրք առհասարակ չի վճարվում, ապա ԵՄ-ում այն 8-10 % է: Անդրադառնալով եվրոպական և ռուսական դեղերի որակական տարբերություններին՝ մի շարք մասնագետներ համոզված են, որ սխալ է միանշանակ պնդել, թե ռուսական կամ բելառուսական դեղամիջոցները որակապես զիջում են եվրոպական արտադրության դեղերին: Հարցն այն է, սակայն, որ դրանք համեմատաբար քիչ քանակով են ներկրվում մեր երկիր:
Ինչպիսի՞ իրավիճակ է տիրում դեղորայքի հայկական շուկայում: Տնտեսագետները նշում են, որ դեղորայքային շուկան այսօր մենաշնորհատերերի ձեռքում է հայտնվել. ներկրողները քիչ են, մրցակցության պայմանները՝ ոչ բավարար, ինչով էլ հենց հաճախ պայմանավորված է Հայաստանում դեղորայքի գնի բարձր լինելը: Հետաքրքրական է նաև այն, որ դեղորայքը Հայաստանում տարվա ընթացքում թանկանում է` պայմանավորված նաև այնպիսի երևույթներով, որոնք առնչություն չունեն դեղերի ներկրման հետ: Առանց այդ էլ մի կերպ օրվա ապրուստը հայթայթող, ծայրը ծայրին հասցնող մեր քաղաքացիների համար դեղերի շուկայում սպասվող թանկացումները է՛լ ավելի կբարդացնեն նրանց սոցիալ-տնտեսական իրավիճակը:


Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ